Ադրբեջանն ու Թուրքիան զորավարժություններ կանցկացնեն

Armenian Radio 16 views
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժություններ կանցկացվեն, այդ թվում՝ Նախիջևանում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը։

Դրանք անցկացվում են Ադրբեջանի և Թուրքիայի միջև Ռազմական համագործակցության մասին համաձայնագրով։ Համատեղ զորավարժություններին մասնակցելու են անձնակազմը, զրահատեխնիկան, հրետանու սարքերն ու ականանետները, նաև ռազմական ավիացիան ու երկու երկրների բանակների հակաօդային պաշտպանության միջոցները։

Դրանք կլինեն համատեղ լայնածավալ մարտավարական ու թռիչքա-մարտավարական զորավարժություններ` մարտական հրաձգությամբ ու երկու կողմերի ցամաքային զորքերի ու ռազմաօդային ուժերի մասնակցությամբ։

Զորավարժություններ են անցկացվելու նաև Հայաստանի սահմանի մոտ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացրած ծրագրի համաձայն՝ ցամաքային զորքերի մասնակցությամբ զորավարժությունները կանցկացվեն օգոստոսի 1-ից 5-ը Բաքվում ու Նախիջևանում, իսկ ռազմական ավիացիայի մասնակցությամբ՝ հուլիսի 29-ից օգոստոսի 10–ը Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում, Քյուրդամիրում ու Եվլախում։

Add Comments